Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է օգնել Հայաստանին՝ օրեր առաջ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինգը։
«Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են զոհերի, բազմաթիվ վնասների։ Դրանց հետևանքով շատ մարդիկ կորցրել են իրենց սեփականությունները։
Չինաստանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին։ Հավատում ենք, որ հայերը կհաղթահարեն այս աղետի հետևանքները և կվերակառուցեն իրենց տները։
Չինաստանն, ինչպես միշտ, պատրաստ է ամեն ինչ անել՝ Հայաստանին օգնելու համար»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ, փլուզվել են կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած համայնքներում։