Իշխանությունների կողմից կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Մետաքսե Հակոբյան
Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր դեռեւս հունվար-փետրվարին, այսքան ժամանակ անց, երբ տեղի է ունենում Արցախի իշխանության ներկայացուցիչների, պատգամավորների,. համայնքի ղեկավարների հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ, մեկ էլ 2-3 օր անց հերթով սկսում են ձերբակալել համայնքի ղեկավարներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով, այս քայլը հակառակ էֆեկտն է ունեցել. «Իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Դա բերեց նրան, որ անգամ այն արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են: Հիմա բոլոր արցախցիները համոզվել են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը Արցախ վերադառնալու մասով այս իշխանությունները չեն հնչեցնելու միջազգային հարթակներում: Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ: Այստեղ մնում է միայն պայքարել այսպիսի իշխանությունների դեմ»,-ասաց նա:
Մետաքսե Հակոբյանի խոսքով, իշխանությունների նպատակն է պառակտել հասարակությունը, մարդկանց իրար դեմ հանել. «Բայց այդ մեխանիզմը էլ չի աշխատում, իշխանությունները այստեղ էլ են պարտվում: Դիտարկելով, որ հրապարակում ավելի շատ արցախցիներ են, քան հայաստանցիներ, դա նախ վախի դրսեւորում է, եւ դրանով շարունակում են իրենց պառակտման քաղաքականությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։