Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ ուղերձ էր հղել․
«Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է:
Հայ ժողովրդի նվիրյալ զավակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մղեցին, որ հետագա բոլոր սերունդներն ապրեն աստվածապարգև իրենց Հայրենիքում, ապրեն արժանապատիվ՝ ազատ ու անկախ, խոսեն հայերեն, հաճախեն հայոց եկեղեցի, սովորեն հայոց պատմություն:
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի:
Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ, և ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի»: