Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին․ Անի Սամսոնյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համահիմնադիր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ինչու Բագրատ Սրբազանին հաջողվեց մի բան, որը չի հաջողվում քաղաքական գործիչներին:
Որովհետև.
1) Քաղաքական գործիչները կարծրացած են ու կաղապարված:
2) Քաղաքական գործիչները ամեն մեծ բանի տակ տեսնում են նախկինների ականջները (նրանք լինելու են ամեն ուր, որովհետև ունեն մեծ ռեսուրսներ, բայց դա չի նշանակում, որ եղած վիճակը պետք է արդարացվի), բայց այդպես էլ թափ ու կամք չեն հավաքում ընդդիմադիր դաշտը նախկիններից խլելու համար:
3) Քաղաքական գործիչները մեծամտացել են և իրենց համարում են քաղաքական մտքի գիգանտներ:
4) Քաղաքական գործիչները եսասեր են դարձել, որովհետև մտածում են` եթե ես չեմ հրապարակներում խոսողը, ուրեմն ոչ մի հրապարակ չի լինելու:
5) Քաղաքական գործիչները վախում են ճշմարտությունը ասել ժողովրդին` մտածելով միայն իրենց ռեյտինգի մասին:
6) Քաղաքական գործիչները վախենում են սխալվելուց, որովհետև ուզում են կարճաժամկետ օգուտներ բռնել և ոչ թե ստեղծել երկարաժամկետ արժեք:
7) Քաղաքական գործիչները մոռացել են մարդկանց միավորելու լեզուն, բայց վարպետացել են բաժանումներում:
8) Քաղաքական գործիչները չունեն ծրագիր, բայց առավոտից երեկո բանբասում են այլ ծրագիր չունեցողների կամ ունեցողների մասին:
9) Քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանի թամադայությամբ քաղաքականությունը պղտորել, մխտռել, փչացրել ու դատարկել են:
10) Այսպես քաղաքական գործիչները կորցրել են իրենվ ճիշտը, հեղինակությունը, հոգնել են ու մաշվել:
Մեկ հոգևորականը կարողացավ լճացած ու ծույլ քաղաքական դաշտը տատանել:
Այս շարժումը ինչ-որ ելք ունենալու է` անկախ դրա սպասելիքներից:
Բայց ես որպես երիտասարդ և քաղաքականության մեջ երկարաժամկետ նպատակներով քաղաքական գործիչ, շնորհակալ եմ Բագրատ Սրբազանին, որ նա ատելության կեղտից մաքրող քաղաքական խոսքով կարող է տալ նշանակալի արդյունք, որից կարող են օգտվել երիտասարդ քաղաքական գործիչները հանրության հետ աշխատելիս:
Այս շարժումը (իր բոլոր թերություններով հանդերձ) հրապարակային, գրասենյակներում, սրճարաններում, անձնական զրույցներում, անկողիններում, օնլայն զրուցարաններում (չատերում) ծաղրող քաղաքական դեմքերին (եթե, իհարկե, քաղաքական են) հարց ունեմ` դուք սրա կեսի կեսի կեսը կարո՞ղ էիք անել»: