Կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Դրանում ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ:
Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը:
Սա է հանրապետության գաղափարաբանությունը, որ 1918 թվականին մեր իրականության մեջ հաստատվեց առաջին անգամ: Ժողովրդի՝ որպես իշխանության բարձրագույն կրողի հաստատումը շրջադարձային կետ է մեր պատմության համար, և խորքային այս հայեցակարգը սեփական ձեռքերով սեփական ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը կառուցելու հնարավորության մասին է:
Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում: Սա չափազանց հավակնոտ և պատասխանատու առաքելություն է, որը հնարավոր չէ իրականացնել, եթե պետության հիմնադրմամբ նրա հարատևությունն ապահովելուն ուղղված մտածողության նոր բանաձևեր չեն ձևավորվում:
Առաջին Հանրապետությունը չունեցավ այսպիսի հայեցակարգային խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ, ո՛չ հնարավորություն: Այսօր մենք ունենք այդ ժամանակը և հնարավորությունը: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները:
Մտածողության այդ նոր ձևերն ու դիտանկյուններն ակնհայտ են դարձնում, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու կարողությունն է պետության հարատևության ապահովման բանաձևը, կենսունակ լինելու գրավականը:
Մեր կառավարությունը հենց այս մեթոդով է առաջնորդում Հայաստանի Հանրապետությունը՝ այն ըմբռնմամբ, որ կենսունակ լինել նշանակում է ի վիճակի լինել պահպանել և զարգացնել պետականությունը, ինքնությունը, արժեքները, ի վիճակի լինել կառուցել ազատություն, անվտանգություն, բարեկեցություն:
Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է: Բայց նաև նրա մասին է, որ ազատությունը բավարար չէ՝ հարկավոր է արդարություն, անվտանգությունը բավարար չէ՝ հարկավոր է խաղաղություն, բարեկեցությունը բավարար չէ՝ հարկավոր է երջանկություն, կենսունակությունը բավարար չէ՝ հարկավոր է կենսախնդություն:
Զգուշավոր, դժվար, բայց ընթանում ենք հենց ա՛յս ճանապարհով: Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը:
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»: