Իսրայելի ՊԲ գլխավոր շտաբը հետաքննություն է սկսել Ռաֆահում պաղեստինցի բնակիչների զոհվելու միջադեպի առնչությամբ
Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի փաստահավաք մարմինը հետաքննություն է սկսել մայիսի 26-ին Գազայի հարավում Ռաֆահի ռմբակոծության հետևանքով խաղաղ բնակիչների մահվան հանգամանքների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Գլխավոր զինվորական դատախազ Յիֆաթ Թոմեր-Երուշալմին հանձնարարել է Գլխավոր շտաբի փաստահավաք ապարատին հետաքննել երեկ Ռաֆահում հասցված հարվածները։ Միջադեպը հետաքննում է Փաստահավաք ապարատը, որն անկախ մարմին է և պատասխանատու է ռազմական գործողությունների ընթացքում բացառիկ միջադեպերի հետաքննության համար։ Գլխավոր շտաբի փաստահավաք խումբը հետաքննում է հարվածի գոտում խաղաղ բնակիչների մահվան հանգամանքները»,- ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ափսոսանք է հայտնվում ռազմական գործողություններին չներգրավված քաղաքացիական անձանց պատճառված ցանկացած վնասի համար։