Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 13.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին են փաստում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26.8 տոկոսով:
Շինարարության ծավալը 2024–ի 4 ամիսներին ավելացել է 13.7 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2023-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 26.7 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 3.9 տոկոսով:
Այս տարվա առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 0.4 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալում այս տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է զգալի աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 2.4 անգամ է: Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 2.8 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.1 անգամ:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար–ապրիլ ամիսներին կազմել է 400.16 դրամ: