Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ոստիկանության այսօրվա գործողությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել։
«2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հանող բերման ենթարկված քաղաքացիներից շատերի, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչներ հանդիսացող, անձեռնմեխելիությամբ օժտված Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն:
Քաղաքացիներին պատկանող բազմաթիվ ավտոմեքենաներ բերման են ենթարկվել: Կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ:
Ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն: Հանցավոր այս խմբի պարագլուխ և առաջնորդ Նիկոլ Փաշինյանանը հավատարիմ մնալով հայրենադավ իր ծրագիրն իրականացնելու, խառնակչության, քաղաքացիների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ բացահայտ հակօրինական գործողություններ կազմակեպելու իր հանցավոր մտադրությունները կյանքի կոչելու նպատակադրումներին, պետական հաստատություններն ու մարմինները վերածել է հանցագործության կոնկրետ գործիքների:
Առ այդ, ընդգծելով ոստիկանական ծառայողների կողմից հակարգված և պարբերական դարձած անօրինական բերման ենթարկելու դեպքերը, այդ թվում՝ անձեռնմխելիությամբ օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, տեղեկացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջում ենք կոնրկետ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած և պետությունը զավթած հանցավոր այս խմբավորմանը:
Վերահաստատելով համոզումը, որ հանցագործությունները անպատիժ չեն մնալու, պահանջում ենք գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագոծություններ կատարած ոստիկանաության ծառայողներին, վերջիններիս անօրինական հրահանգ տված և հանցագործությունների անպատժելիությունը երաշխավորող Նիկոլ Փաշինյանին՝ հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ:
Կրկին արտահայտելով բազմիցս ապացուցված համոզումը այն մասին, որ ՀՅ Դաշնակցությանը նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել, հայտարարում ենք, որ պետության կազմաքադմանը տանող և Հայոց պետականությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու:
Կոչ ենք անում համայն հայությանը՝ հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համախմբվել սրբազան շարժման շուրջ»,- ասվում է հայտարարությունում։