Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին․ Զախարովա
Երեւանում ՌԴ դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում ՀՀ արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ’ հնարավոր լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու և տուժած ՌԴ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ կապված Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետ։
«Մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման։ Հաղորդվում Է զոհերի, անհետ կորածների և նյութական լուրջ վնասների մասին: Հեղեղման գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խախտվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը տուժած շրջանների հետ։
Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին Հանրապետությանը պատուհասած բնական աղետի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին: Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 26-ին Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ օգտագործվող պոմպեր: Լոռու և Տավուշի մարզերում աշխատում է ՌԴ-ի կողմից նախկինում տրամադրված 50 միավոր սարքավորում, որոնք ներգրավված են ջրհեղեղի հետևանքների վերացման գործում։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարությունը մշտական կապի մեջ է ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների վերացման օպերատիվ շտաբի հետ։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ առատ տեղումների հետևանքով Դեբեդ գետն անցած գիշեր դուրս է եկել հունից՝ ավերածություններ գործելով Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր քաղաքներում ու դրանց հարակից բնակավայրերում։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս պահին կա երկու զոհ, երկու անհետ կորած։