Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով. ՀՀ ԲՏԱ նախարար
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Միթար Հայրապետյանը։
«ՀՀ ԲՏԱ նախարարությունն օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում»,- նշել է նախարարը:
Հորդառատ անձրևներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: