ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային հարցեր
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Անահիտ Մանասյանը մայիսի 24-ին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա օրակարգային տարբեր խնդիրներ, մասնավորապես` սահմանային բնակավայրերում մարդկանց անվտանգային մի շարք հարցեր` կապված սեփականության իրավունքի, կրթության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Համատեղ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից բարձրացված անհատական բողոքները:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։
Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:
Այնուհետև, Անահիտ Մանասյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարինե Ղազարյանի հետ այցելել է սահմանամերձ Սյունիքի և Աճանանի միջնակարգ դպրոցներ` մասնակցելու Վերջին զանգի արարողությանը:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում մաղթել է նրանց երբեք չընկճվել, անընդհատ կրթվել, սիրով վերաբերվել իրենց շրջապատող միջավայրին:
«Կյանքում բազմաթիվ մարտահրավերների կարող եք բախվել, երբեք չընկճվեք, ընկալեք դրանք որպես հնարավորություն և ձեզ շրջապատող միջավայրին վերաբերվեք սիրով: Հիշեք նաև, որ գիտելիքն է այն մեծ հարստությունը, որն անհնար է կորցնել։ Վստահ եղեք` այս ամենի գիտակցումը ձեզ համար հաջողության նոր դռներ կբացի: Ես սա ասում եմ նաև իմ օրինակով: Թերևս սա է իմ մաղթանքը ձեզ: Ուզում եմ նաև իմ հանձնառությունը հայտնել իմ մանդատի շրջանակում ցանկացած հարցում ձեզ աջակից լինելու»,- Անահիտ Մանասյան:
Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև 2 դպրոցների տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, շրջայց կատարել դպրոցներում, քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր:
Պաշտպանը շրջանավարտներին է հանձնել նաև խորհրդանշական հուշանվերներ: