ՀՀ-ին 92,3 մլն եվրո արժողությամբ վարկ և 16 մլն դոլարի չափով դրամաշնորհ կտրամադրվի. համաձայնագիր է ստորագրվել
Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը:
Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»:
Ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները. կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։ Այն նաև աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձանց հրատապ խնդիրների լուծման հարցում: