Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով
Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։
Խորհրդաժողովին մասնակցելու են ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 25-ին, Երևանում։