Առաջին անգամը չէ, օրական մի քանի անգամ նման դեպքեր են լինում․ Լեո Նիկոլյանը՝ իրեն հրելու մասին
Ինչպես երեկ հայտնել էինք՝ համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցներից մեկը հրում հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին։ Tert․am-ի հետ զրույցում Նիկոլյանն ասաց, որ դա առաջին դեպքը չէ և այս ընթացքում իր հետ նման դեպքեր հաճախ են եղել։
«Դա առաջին դեպքը չէ, ամեն օր մի քանի անգամ են ինձ հրում, ես պարզապես բոլորին չեմ կարող նկարել, իսկ այն ուղևորներին, որոնք նկարում են, անվտանգության աշխատակիցները բռնում են ու թույլ չեն տալիս նկարել։ Ով էլ նկարած է լինում, վերցնում ու ջնջում են։ Այս տեսանյութը կարողացել են հրապարակել, որովհետև հեռվից են նկարել, չեն նկատել աշխատակցիները։ Մի քանի օր առաջ մի ամերիկահայ մոտեցավ ու սկսեց ինձ ծեծել, ոստիկանություն են կանչել ու նրան բերման ենթարկել։ Անցնում է 4-5 օր, կրկին նույն ամերիկահայը գալիս է, տոմս է գնում, գտնում է ինձ, ևս մեկ անգամ հարվածում։ Կրկին ոստիկանություն են կանչում ու բռնում նրան։ Համոզված եմ, որ դա սարքած է, ու իրեն հատուկ էին ուղարկել»,- ասաց նա։
Նիկոլյանը պնդում է նաև, որ ամեն օր ապահովագրական ընկերությունից իր համար «Զվարթնոց» օդանավակայանին գումար են ուղարկում 200 եվրոյի չափով իր ծախսերն այնտեղ հոգալու համար, սակայն ինքն այդ գումարից տեղյակ չէ։
«Ինձ զանգել է Փարիզից մի մարդ, ով աշխատում է ապահովագրական ընկերությունում ու հարցնում է՝ արդյոք ստանում եմ այդ գումարը։ Հարցրի՝ ինչի մասին է խոսքը, ասաց, որ ամեն օր ինձ համար գումար են ուղարկում, օրը 200 եվրո, որպեսզի կարողանամ կարիքներս այստեղ հոգալ՝ սնվելու, լողանալու հագնվելու, հյուրանոցի համար։ Ես ասացի, որ այստեղ հյուրանոց չկա, ինձ պատասխանեց, որ դա կապ չունի, կարգն է այդպես, քանի որ կան օդանավակայաններ, որոնց չեզոք գոտում կան հյուրանոցներ, գումարը նախատեսված է դրա համար։ Ասաց, որ հացադուլի առաջին օրից մինչ այսօր ուղարակել են այդ գումարը, որը հիմա մոտավոր 6000 եվրո է կազմում։ Ես ասացի, որ տեղյակ չեմ այդ գումարից։ Ինձ օրական այստեղ 4 անգամ սուրճ են տալիս, որը կազմում է 6000 դրամ և ոչ 200 եվրո։ Երեկվանից 83 անգամ զանգել եմ այստեղի ղեկավարության աշխատողներից մեկին, իմ ոչ մի զանգին չի պատասխանել, միայն գիշերը պատասխանեց, ասաց, որ առավոտյան կմոտենա։ Մինչ այս պահը դեռ չի մոտեցել, մինչև հիմա ինձ չեն պատասխանել այդ գումարների հարցով»,-ասաց Նիկոլյանը։
Tert.am-ը զանգահարեց օդանավակայանի այդ աշխատակցին՝ պարզելու համար՝ գումար փոխանցվե՞լ է արդյոք Նիոկլյանի համար, թե ոչ։ Մեզ պատասխանեցին, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը։
«Շատ զբաղված եմ ու չեմ կարող խոսել, ես առհասարակ ապահովագրության գումարների հետ կապված տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ասել, թե ինքը որտեղից ունի նման ինֆորմացիա»,- ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։