Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ՆԳՆ-ի զգուշացումը՝ «Վերջին զանգին» ընդառաջ
Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգը»:
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:
«Ոստիկանության նպատակը հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության ու օրվա տոնականության պահպանումն է լինելու:
Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Շրջանավարտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, ակնկալելով ձեր աջակցությունը, կոչ ենք անում միասնաբար անել առավելագույնը՝ տոնական միջոցառումները թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար:
ՆԳՆ Ոստիկանությունն այդ օրը կլինի ձեր կողքին և կապահովի օրվա անվտանգ տոնականությունը:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: