Վաշինգտոնը Երևանին աջակցությունն ամրապնդելու համար դիտարկում է ՀՀ խնդրանքների շարքը․ Բլինքեն
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի խնդրանքների շարքը՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքները՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար:
Ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իմ համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։ Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», — ասել է Բլինքենը:
Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը։