Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Իսպանիան և Իռլանդիան Նորվեգիայից հետո մայիսի 28-ին պաշտոնապես կճանաչեն Պաղեստին պետությունը:
Ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել են երկու երկրների վարչապետները:
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իսպանիայի և Նորվեգիայի հետ համաձայնեցված այս քայլը պատմական է Իռլանդիայի և Պաղեստինի համար: Նրա խոսքով ՝ այն ուղղված է օգնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է, որ իր երկիրը մայիսի 28-ին կճանաչի Պաղեստինը որպես պետություն։
Ըստ աղբյուրի՝ Սանչեսը մի քանի ամիս շրջագայել է եվրոպական և մերձավորարևելյան երկրներում՝ աջակցելու Պաղեստինի ճանաչմանը, ինչպես նաև Գազայում հնարավոր զինադադարին:
Ավելի վաղ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին տեղեկացրել է Պաղեստինը ճանաչելու իր կառավարության մտադրության մասին:
Հիշեցնենք՝ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։