Կիրանցում երկու ճանապարհ է կառուցվում, նախատեսվում է ավարտել մոտ 2 ամսում. մանրամասներ
Կիրանցի նոր ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ ճանապարհի շինարարությունը մեկնարկել է, կա՞ն դժվարություններ այդ ճանապարհների կառուցումը 2 ամսում ավարտելու հարցում: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց. «Երկու ճանապարհի մասին է խոսքը, մեկը՝ ամբողջովին նոր կառուցվող: Մոտ 750 մետր երկարություն կունենա նախնական հաշվարկներով: Շինարարությունը սկսվել է, և խնդրել ենք շինարարական ընկերությանը բավարար ուժեր ներդնել այնտեղ, որպեսզի աշխատանքները 2 ամսում ավարտեն: Հեշտ չէ, բայց անհնար էլ չէ: Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի:
Մյուսը գործող ճանապարհի մասին է, դեպի Աճարկուտ գնացող ճանապարհն է, որը նաև մի հատվածից՝ Կիրանցի մի այլ փողոցով, դուրս է գալիս և միանում է հանրապետական ճանապարհին: Ընդհանուր առմամբ մոտ 3,5 կմ երկարություն ունի, որի մի մասը հին, ասֆալտապատ ճանապարհ է՝ դեռ 70-80-ական թվականների, մյուս մասը գրունտային, նեղ ճանապարհ է: Մենք այս ճանապարհն ուզում ենք հիմնանորոգել որոշակի, որպեսզի նորմատիվային, նոր չափորոշիչների համապատասխանեցվի: Լայնացնել և ամբողջն ասֆալտապատել: Այս ճանապարհը նույնպես սկսված է, և այս ճանապարհի համար նույնպես նախանշված է մոտ 2 ամիս ժամկետ»,- ասաց Սանոսյանը: