Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ավելի է 5 սմ-ով. Հակոբ Սիմիդյան
Երեկվա՝ մայիսի 22-ի դրությամբ, Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ավելի է 5 սմ-ով, և սկսած մայիսի 13-ից՝ մենք արդեն դրական ցիկլի մեջ ենք, այսինքն՝ 2023 թվականի համեմատ Սևանի մակարդակը սկսել է դրական աճ ունենալ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Հաջորդ լավ լուրն այն է, որ ոռոգման համար մինչ այս պահը մենք Սևանից ջուր բաց չենք թողել. նախորդ տարի մայիսի 14-ից ենք սկսել ոռոգման նպատակով ջուր բաց թողնել. ըստ էության, տարին բարենպաստ է Սևանի համար, ջրային պաշարների համար:
5 խոշոր ջրամբարներում մենք այս տարի հավելյալ արդեն 269 մլն խմ ջուր ունենք կուտակած նախորդ տարվա համեմատ, և հույս ունենք, որ այս դինամիկան այս տարի մեզ լավ ջրային պաշարներ կտա, և մենք արդյունավետ կառավարման արդյունքում պաշարները կկուտակենք նաև հաջորդ տարվա համար»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ տարին 170 մլն ոռոգման համար օրենքով սահմանված քանակը չի գերազանցվի: