Հակոբ Սիմիդյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին։
Ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։
Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության ստեղծմանը, անտառվերականգնման և պահպանության հիմնախնդիրներին:
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում, «Ջրային օրենսգրքում», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունբերը և բարեփոխումները:
Առանձին անդրադարձ է կատարվել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմսնն ուղղված գործընթացներին:
Նախարարը տիկին դեսպանի հետ խոսել է նաև բնապահպանական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակությսն ներգրավվածության մասին` անդրադառնալով Օրհուս գրասենյակների վերագործարկման ընթացիկ աշխատանքներին:
Տիկին դեսպանն իր գոհունակությունն է հայտնել ներառական մոտեցման վերաբերյալ:
Նախարարը տիկին դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: