Մենք իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի մեջ ենք. Կոնջորյան
Շատ տրամաբանական է, որ այս օրերին, բացի ՍԴ դատարանի դատավորի ընտրության բուն հարցից, քննարկում ենք քաղաքական կարևորության և նշանակության հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են Սահմանադրական դատարանի հետ, որովհետև այս օրերին Հայաստանում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաև ՍԴ-ի հետ: Որովհետև ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, խմբեր և նաև մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք այդ թվում՝ Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը, իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն ինստիտուտ է: Այս մասին խորհրդարանում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչին երեկ ԱԺ-ում ականատես եղանք ՍԴ դատարանի դատավորի թեկնածուի վարկաբեկմանն ուղղված հարցադրումներին, այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Խոսքը, մասնավորապես, թեկնածուի աշխատավայրին էր վերաբերում:
«Ձեր տրամաբանությունը ձեր դեմ է աշխատում, հարգելի՛ գործընկերներ: Եթե դուք թեկնածուին հարցնում եք իր աշխատավայրով պայմանավորված՝ ինքը կարող է դիտվել որպես օտարերկրյա գործակալ, նայեք ձեր շուրջբոլորը: Ձեր կողքը նստած են, ձեր իսկ բնորոշմամբ, օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք ձեզ ի՞նչ երաշխիք են տվել: Բայց իրականում այդ հարցը նպատակ ունի դելեգիտիմացնել թեկնածուին և ՍԴ-ն: Մեկ անգամ չէ, որ մենք, հատկապես պատերազմից հետո, ականատես ենք եղել, թե ինչպես եք դուք փորձել դատական համակարգը օգտագործել որպես Հայաստանի ժողովրդի վրեժ լուծելու միջոց»,- ասաց Կոնջորյանը:
Ըստ բանախոսի՝ մենք ներկայումս իրագործելի նպատակների ու անիրագործելի երազանքների արանքում մնացած քաղաքական բանավեճի և երկփեղկվածության մեջ ենք: Նրա խոսքով՝ վարչապետի առաջ քաշած՝ իրական և պատմական Հայաստանը հենց դրա մասին է՝ իրագործելի նպատակների և անիրագործելի երազանքների բանավեճի:
«Եվ սահմանազատումը հենց դրա մասին է»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ լեգիտիմության մասին հայտարարություններին, Կոնջորյանը ընդդիմությանը մեղադրեց «քաղաքականապես հայդուկ, մտածողությամբ լեռներում» լինելու և «քաղաքական ջեբկիրությամբ» զբաղվելու համար:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը քաղաքական ջեբկիրությամբ գրպանել է ոչ թե «մանր-մունր բաներ», այլ մի ամբողջ պետություն, պետական հարստություն:
«Հետո ձեր գրպաններից հանել եք ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ով տվել եք այստեղ-այնտեղ, գրպանել եք ժողովրդի իշխանությունը, հիմա այսօր փորձում եք վերադառնալ տարբեր կերպարանքներով: Նորից եմ կրկնում՝ Հայաստանում քաղաքական հեթանոսությունը հեռանկար չունի, որովհետև Հայաստանում հաստատվել է նոր կարգ, քաղաքական նոր հավատամք, Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն: Դուք դրան չեք հավատում, մենք դա գիտենք: Դուք փորձում եք վերադարձնել գողապետությունը, որովհետև դուք չեք կարողանում առանց գրպանելու: Դուք Հայաստանում հիմնադրել եք մարդկային վշտի արդյունաբերություն, արդյունաբերական ռելսերի վրա դրել մարդկանց վիշտը ու տառապանքը,- նշեց պատգամավորը՝ հավելելով,- սա իսկապես մաստեր կլաս է, ուղղակի խնդիրն այն է, որ դուք չեք հաշվարկել, որ սա 21-րդ դարն է, կան տեսախցիկներ, ուղիղ եթերներ: Սա միջնադար չէ, միջնադարի ինկվիզիցիոն հարաբերություններ չեն, և ինչ-որ մի կղերական չի կարող սեփական միջնադարը պարտադրի լուսավորյալ, 21-րդ դարի հայ ժողովրդին: ՀՀ-ում ժողովրդի իշխանությունն անշրջելի է, ՍԴ-ն ժողովրդավարության պահպանման գործում ֆունդամենտալ նշանակություն ունի»,- ընդգծեց ՔՊ խմբակցության ղեկավարը: