ՆԳ փոխնախարար Դ. Համբարյանին թույլատրել են փոփոխել հայտարարագիրը, իսկ կնոջ մասով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2023 թվականի տարեսկզբին մամուլը գրել էր՝ «Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել իր բաժնեմասը»։ Հոդվածում մասնավորապես ասվում էր, որ Դավիթ Համբարյանը չի հայտարարագրել մասնավոր ընկերությունում իր ունեցած բաժնեմասը։
2018 թվականի սեպտեմբերի 18-ին Դ. Համբարյանը Վանաձորում հիմնադրել է «Դ-Արտ» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց իրեն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը զբաղվում է արագ սննդի ծառայություններով։ Թեպետ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, Համբարյանը պարտավոր էր իր հայտարարագրում նշել այդ բաժնեմասը։
Այս հրապարակման հանգամանքները քննության էր առել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը որոշել էր իրականացնել Դավիթ Համբարյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերի համալիր վերլուծություն։
Եվ ահա, վերլուծության արդյունքում՝ արձանագրված պարզաբանման ենթակա հարցերի եւ անհամապատասխանությունների վերաբերյալ Հանձնաժողովը Դավիթ Համբարյանից եւ նրա կնոջից հայցել է պարզաբանումներ։ Ստացված պարզաբանումների գնահատման արդյունքում՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ իրենց իսկ կասկածներն այդ պարզաբանումներից «փարատվել» են։ Այսպիսով՝ Համբարյանին թույլ են տվել հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարել, իսկ կնոջ՝ Էմմա Խաչատրյանի մասով նախաձեռնել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: