Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
Պակիստանում ուժեղ շոգի ալիքը դպրոցների ժամանակավոր փակման և էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ է առաջացրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Այս ամիս կպահպանվի հյուծող շոգը», - ասել է Պակիստանի օդերևութաբանական դեպարտամենտի բարձրաստիճան աշխատակից Զահիր Ահմեդ Բաբարը: Նրա խոսքով՝ ջերմաստիճանը կարող է ամսական նորման գերազանցել 6 աստիճանով: Այս շաբաթ հանրապետության մի շարք շրջաններում այն կգերազանցի 40 աստիճանը:
Բաբարը հավելել է, որ մարդիկ պետք է ավելի շատ ջուր խմեն և խուսափեն ավելորդ ճանապարհորդությունից, իսկ ֆերմերները պետք է միջոցներ ձեռնարկեն անասունները պաշտպանելու համար:
Երկրի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգում շոգի պատճառով այս շաբաթ չեն աշխատի բոլոր դպրոցները, մոտ 18 մլն աշակերտ կմնա տանը:
Պակիստանի հիվանդանոցները կենտրոններ են ստեղծում, որտեղ շոգից տուժածները կարող են շտապ օգնություն ստանալ:
Հանրապետության որոշ շրջաններում նկատվում են մի քանի ժամ հոսանքազրկումներ:
Միևնույն ժամանակ, ապրիլին Պակիստանում գրանցվել է տեղումների ռեկորդային քանակ: Այն երկու անգամ գերազանցել է ամսական նորման: