Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Աշխարհի առնվազն ութ երկրներում, այդ թվում՝ Իրանում, սուգ է հայտարարվել ուղղաթիռի կործանման հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ, հայտնում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողբերգական միջադեպից հետո սուգ են հայտարարել Իրաքը, Լիբանանը, Պակիստանը, Սիրիան։ Այս երկրներին են միացել նաև Հնդկաստանը Տաջիկստանը և Թուրքիան։
Երկրների մեծ մասում հայտարարված է մեկօրյա սուգ, միայն Սիրիայում և Լիբանանում այն կտևի երեք օր, իսկ Տաջիկստանում՝ երկու օր։ Իսլամական հանրապետությունում սգո միջոցառումները կտևեն հինգ օր:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Ուղղաթիռում բոլոր գտնվողները զոհվել են։