Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ
Արևմտյան մի շարք երկրներ քննադատել են Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ երկու իսրայելցի պաշտոնյայի և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ։
Գերմանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներն «անընդունելի» են համարել Իսրայելի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը «ահաբեկչական կազմակերպության հետ նույնացնելը»:
Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դատարանը պետք է գնահատի «այդ շատ տարբերվող դեպքերը», միաժամանակ նշել է, որ «հարգում է Հաագայի դատարանի անկախությունը»։
Լոնդոնն էլ կարծում է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի որոշումը անարդյունավետ է տարածաշրջանում խաղաղ գործընթացի համար, գրում է Guardian-ը։
ՄՔԴ-ի դատախազի որոշման խիստ քննադատողը, սակայն, Միացյալ Նահանգներն է:
Իսրայելական առաջնորդներին ձերբակալելու օրդեր տրամադրելու ՄՔԴ դատախազի դիմումը վրդովվեցրել է նախագահ Բայդենին: «Չի կարելի հավասարության նշան դնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող սպառնալիքների դեմ պայքարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն էլ հավանական է համարել պատժամիջոցների կիրառումը ՄՔԴ-ի դեմ, եթե հաստատվեն իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդերները։
Ֆրանսիայի ԱԳՆ-ը, սակայն, աջակցություն է հայտնել Հաագայի դատարանին, «նրա անկախությանը և բոլոր իրավիճակներում անպատժելիության դեմ պայքարին»։ Գերատեսչությունը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից «հակասեմական ջարդը», որն ուղեկցվել է «կտտանքներով և սեռական բռնությամբ»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան Իսրայելին նախազգուշացրել է «միջազգային մարդասիրական իրավունքի խստիվ պահպանման անհրաժեշտության և Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի անընդունելի մակարդակի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բելգիան և Նիդերլանդները համակարծիք են Ֆրանսիայի և ՄՔԴ դատախազի հետ: