Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև
Չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։
Նշվում է, որ Բերբոքի այցի նպատակն է Ուկրաինային հավաստիացնել, որ չնայած մարտի դաշտում իրավիճակի վատթարացմանը, Գերմանիան և Եվրոպան կշարունակեն կանգնած մնալ Կիևի կողքին և չեն դադարեցնի օգնությունը։
Իր հերթին Der Spiegel-ը գրում է, որ Բերբոքը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Հրատարակության տվյալներով՝ նրա այցը Խարկով չեղարկվել է անվտանգության նկատառումներով։ Գիշերը Խարկովը ենթարկվել է հերթական գնդակոծության։
Գերմանիայի արտգործնախարարը պատերազմի սկսվելուց ի վեր հինգերորդ անգամ է այցելում Ուկրաինա։
«Ուկրաինայում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի զանգվածային ավիահարվածների և Խարկովի շրջանում Ռուսաստանի հարձակման պատճառով», - ասել է նա։
Ankunft Außenministerin Baerbock in Kiew. Begrüßung durch Botschafter @MJaegerT Mehr auf @derspiegel pic.twitter.com/hPslpoI342
— Christoph Schult (@schultchristoph) May 21, 2024