Կամրագրվի համայնքի անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ուղղված են շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը և ամրագրելու համայնքի անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը: Տարընկալման արդյունքում ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների հետ: Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Իրականացված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջիկա ավագանու ընտրությունների ժամանակ, կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների և հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով: Արդյունքում՝ ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ»,- ասաց Կարապետյանը:
Միևնույն ժամանակ, նախագծերի անցումային դրույթներով նախատեսվել է, որ անձինք, որոնք մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ, կարող են շարունակել համատեղել պաշտոնավարումը, մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:
«Անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակի առանցքը պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման իրավիճակների առաջացումը կանխելն է, մյուս կողմից՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովումը»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությանը՝ փոխնախարարը դա պայմանավորեց հանգամանքով, որ ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթների ժամկետը 90 օր է, լրանում է մայիսի 29-ին:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց վերջինիս՝ նշելով՝ ավագանիները չեն վճարվում, իսկ հիմա նրանց արգելվելու է աշխատելը, արդյոք այդ մարդիկ չե՞ն ուղղորդվելու և նախընտրեն գնալ բիզնեսի ոլորտ:
Կարապետյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նոր կարգավորում չի ներդրվում: Այդ արգելքը սահմանված է եղել դեռևս 2018-ից՝ կապված հանրային ծառայության և հանրային պաշտոնի հետ անհամատեղելիության հետ, իսկ ՏԻՄ-երի և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության տեսանկյունից դեռևս 2001-ից այս համատեղելիության նորմերը և պահանջները սահմանված են եղել:
«Բիզնես հատվածի մասնակցությունը ավագանու գործունեությանը, ըստ էության, նույնպես օրենսդրորեն սահմանված է, և այդտեղ շահերի բախման ռիսկերի նվազեցման և վերացման կառուցակարգերը նույնպես առկա են: Ինչպես քաղաքակիրթ մյուս երկրներում, նույն ստանդարտները ներդրված են այստեղ, և գործարար շահերը ներկայացնող ավագանու անդամն անցնում է հատուկ անհամատեղելիության և բարեվարքության ստուգման գործընթացներով»,- նշեց Կարապետյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը նշեց՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի ավագանու անդամների անհամատեղելիության պահանջի վերաբերյալ առաջացած խնդիրների հաղթահարման նպատակով, և առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:
Նախագիծը քվեարկվեց և ընդունվեց առաջին ընթերցմամբ: