Միրզոյանն ու ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը
Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:
Երկուստեք ընդգծվել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում։
«Հայաստանը՝ որպես չտարածման ջատագով, հավատարիմ է պայմանագրին իր հանձնառությանը, ինչպես նաև կարևորում է մինչ օրս կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու տեսանելիության ավելացումը»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ Հայաստանի փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի համատեքստում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից պայմաններում առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի։
Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թ. հոկտեմբերի 1-ին և վավերացրել 2006 թ. հուլիսի 12-ին: