Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ ամիս՝ ապրիլի 15-ին, տեղի ունցած սահմռկեցուցիչ խոշտանգման ու նվաստացման դեպքը շարքային քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ մինչ օրս շարունակում է անպատիժ մնալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում երիտասարդ Սամվել Վարդանյանը, տեսնելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան թիրախավորել էր՝ անվանելով «ժեխ բիձա», «դավաճան»: Դեպքից հետո նրան ձերբակալեցին, իսկ քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին՝ երիտասարդին դիմակավորված բանդան ծեծել էր, խոշտանգել, սեռական նվաստացման ենթարկել: Այս պահի դրությամբ՝ պատգամավորի նկատմամբ նման վարք դրսեւորելու համար Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված 2 մեղադրանքների՝ խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հարուցելու մասով քննությունն արդեն ավարտվել է, եւ գործը շուտով դատարան կմտնի:
Սակայն, երիտասարդին խոշտանգելու գործով մինչ օրս ոչինչ չի արվել. չի պարզվել՝ ովքեր էին ուղեկցող ոստիկանները, դիմակավորված բանդայի անդամները, եւ ինչ պատիժ է սպասվում նրանց:
Կատարվածի առիթով 1 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ որպես ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած կառավարության ղեկավար, ինչ գնահատական է տալիս եւ ինչ քայլեր է ձեռնարկել այս անպատժելիության առիթով:
Այս հարցադրումները ՀՀ Կառավարությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ: Նախարարությունից այսպիսի պատասխան ենք ստացել. «ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության 2024 թվականի ապրիլի 22-ի գրությամբ, տեղեկացնում եմ, որ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու հանգամանքների կապակցությամբ հիշյալ վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է եւ որոշվել է դրան անդրադառնալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող թիվ 57120424 քրեական վարույթով իրավական գնահատականի վերջնական արդյունքներով։
Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանին քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ամբողջությամբ սեւ հագած դիմակավորված անձինք մեքենայից դուրս էին հանել Սամվել Վարդանյանին՝ մի քանի մետր այն կողմ տարել՝ խոտերի մեջ, չոքեցրել, գլուխը հարվածել գետնին։ Ըստ երեւույթին՝ նրա ճակատի ուռածությունը հենց այդ դեպքի հետեւանքն էր։ Սկսել էին ձեռքերով հարվածել. այդ ամբողջ գործընթացը ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով, վերջին խոսքերով։
Ընդ որում, ծեծողները պահանջել էին Սամվելից, որ կրկնի իր նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքները։ Հետո խմբով թքել էին նրա վրա։ Այնուհետեւ՝ նրան չոքած վիճակում պահելով, ձեռքերը՝ հետեւի կողմից ձեռնաշղթայված, տաբատը իջեցրել էին, փայտը կամ «դուբինկան» դեմոնստրատիվ պահել ոտքերի արանքում՝ այդպիսով ցանկանալով ինչ-որ բան ցուցադրել, սպառնալ կամ վախեցնել։
Այս արարքների համար որեւէ մեկը չի պատժվել. դեպքից անցել է արդեն մեկ ամսից ավելի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: