Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փորձելու է պատասխան տալ, այդ ժամանակ այլ թեմա կլինի, պետք է սպասել Իրանի պաշտոնական հայտարարությանը․ իրանագետ
Եթե պարզվեց, որ սա ահաբեկչություն է, Իրանը փորձելու է պատասխան տալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարին, որի հետևանքով զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմն ու բոլոր ուղևորները՝ այդ թվում Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը։
Իրանագետը նախ հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը՝ նշելով, որ նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել էր Ադրբեջան, որտեղ սահմանին ՀԷԿ-ի բացում էին արել Իլհամ Ալիևի հետ, իսկ վերադարձի ճանապարհին երեկոյան արդեն ռադարներից անհետացել էր նախագահի ուղղաթիռը։ Այնուամենայնիվ Ռաիսիին ուղեկցում էր ևս 2 ուղղաթիռ, որոնք բարեհաջող հասել են Իրան և որևէ խնդիր այստեղ չկա։
«Փաստացի Իրանի նախագահի ուղղաթիռը, որի մեջ էր նաև ԱԳ նախարարը, վթարի է ենթարկվել, և այսօր առավոտյան Իրանն արդեն պաշտոնապես հայտարարեց նրանց զոհվելու մասին։ Պետք է արձանագրենք, որ երեկ ամբողջ գիշեր փորձել են մոտենալ, բայց բնակալիմայական պայմանների վատ լինելու պատճառով ավելի շուտ չեն կարողացել հասնել։ Այստեղ կա մի քանի հարց, որոնք մեզ անհանգստացնում են, որովհետև առաջին իսկ պահից խոսք գնաց ահաբեկչության մասին, որը պետք է Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակեցնի և հայտարարի պաշտոնապես՝ ահաբեկչությո՞ւն է եղել, թե պարզապես ուղղաթիռի անսարք լինելու կամ ինչ-ինչ խնդիրների պատճառով է նման բան տեղի ունեցել։ Սա պետք է Իրանի իշխանությունները հայտարարեն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կան անհանգստացնող հարցեր։ Օրինակ՝ երեկ ԱՄՆ նախագահը դադարեցրել է իր արձակուրդը և վերադարձել Սպիտակ տուն ու արտակարգ նիստ են կազմակերպել՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Դրանից բացի պետք է արձանագրել, որ Իրանի մի շարք վերլուծաբաններ խոսում են հնարավոր ահաբեկչության մասին և սա նրանք փաստարկում են այն հանգամանքով, որ Արցախյան վերջին պատերազմից հետո այդ տարածքներում տեղակայվել են իսրայելական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և հնարավոր է նրանց կողմից էլ իրականացվել է այս գործողությունը։ Սակայն իրանագետը նշում է, որ այս բոլորը միայն լուրերի մակարդակով են և կարող են միս ու արյուն դառնալ, երբ ԻԻՀ ղեկավարությունը պաշտոնապես հայտարարություն կանի։
Հարցին՝ տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահը, նա պատասխանեց․ «Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը ոչ թե նախագահն է, այլ երկրի առաջնորդը՝ հոգևոր առաջնորդը, և նա է նշում ուղղությունները, որը պետք է իրականացնի Իրանը։ Այսինքն, հոգևոր առաջնորդի մշակած ծրագիրն է իրականացնում նախագահը, իսկ այժմ ԻԻՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն նախագահի աշխատանքները պետք է իրականացնի առաջին փոխնախագահը, և 50 օրվա ընթացքում Մեջլիսի նախագահի և դատական իշխանության հետ միասին նրանք պետք է կազմակերպեն հաջորդ ընտրությունները։ 50 օրվա ընթացքում մենք կտեսնենք Իրանում նախագահական ընտրություններ։ Այս պահին նախագահի լիազորություններն իր վրա է վերցնում Մոհամմադ Մոխբերին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։