Ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության են մատնված. Bloomberg
Ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գրեթե յուրաքանչյուր նավթատար նավ մի քանի ամիս է՝ պարապուրդի է մատնված։ Այդ մասին հայտնել է Bloomberg ամերիկյան պարբերականը։
Ըստ հոդվածի՝ 2023 թվականի աշնանը 40 ռուսական նավ ընկել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Պատճառ է հանդիսացել Ռուսաստանից նավթի գնի սահմանաչափի խախտումը։
2022 թվականին Մեծ յոթնյակի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան սահմանեցին ռուսական նավթի գնի վերին շեմը՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց։ Ուկրաինայի պատերազմի պատճառով սահմանված սահմանափակումներն արգելում են ընկերություններին տեղափոխել և ապահովագրել այս գնից բարձր վաճառվող ռուսական նավթը։
Այնուամենայնիվ, 2022-ի վերջին Financial Times-ը գրել էր, որ Ռուսաստանը ձևավորել է հին լցանավերի «ստվերային նավատորմ»՝ նավթը Հնդկաստան, Չինաստան և Թուրքիա փոխադրելու համար՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։ Այդ ժամանակ այն բաղկացած էր հարյուրից ավելի նավերից։ 2023 թվականի ամռանը Bloomberg-ը գրել էր, որ արևմտյան ընկերությունները շարունակում են ռուսական Urals նավթը գնել՝ խախտելով գնային սահմանաչափը։ Ավելի ուշ Վաշինգտոնը խոստացել էր խստորեն վերահսկել ռուսական նավթի գնային շեմի պահպանումը։
Ըստ պարբերականի՝ այս պահին սահմանափակումների տակ է գտնվում «ստվերային նավատորմի» միայն մի փոքր մասը: