Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ներ խոցելու մասին
Գիշերը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի և Կուրսկի մարզերում ոչնչացրել են յոթ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում կասեցվել են Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք ահաբեկչությունների իրականացման հերթական փորձերը՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել և կալանվել է ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք, որոնցից հինգը՝ Բելգորոդի մարզի, երկուսը՝ Կուրսկի մարզի տարածքում։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական ուժերը Shahed տիպի 29 հարվածային ԱԹՍ են արձակել երկրի տարածքի վրա։ Ըստ գերատեսչության հայտարարության՝ կամիկաձե անօդաչուները խոցվել են Օդեսայի, Նիկոլաևի, Պոլտավայի և Լվովի մարզերի երկնքում։
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ գիշերը Խարկովի մարզի վրա է արձակվել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։
Խարկովի մարզում նաև մայիսի 20-ին սգո օր է հայտարարվել նախորդ օրը մարզի մի քանի գյուղերի գնդակոծության 11 զոհերի հիշատակին։