Դոմինիկյան Հանրապետության նախագահը վերընտրվել է պաշտոնում
Դոմինիկյան Հանրապետության ղեկավար Լուիս Աբինադերը մայիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար է դարձել՝ ըստ նախնական տվյալների հավաքելով ձայների գրեթե 60 %-ը, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Նրա հետ նախագահի պաշտոնի համար պայքարող նախկին նախագահ Լեոնել Ֆեռնանդեսը և քաղաքապետ Աբել Մարտինեսն արդեն զանգահարել են Աբինադերին և ընդունել նրա հաղթանակը։
Դոմինիկյան Հանրապետության նախագահն ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտնել է, որ այլևս չի առաջադրվի։
«Այս հաղթանակը կլինի վերջինը, ես այլևս չեմ առաջադրի իմ թեկնածությունը, կհարգեմ մեր սահմանադրության կանոնները», - ասել է Աբինադերը, որն առաջին անգամ իշխանության է եկել 2020 թվականին։
Նա շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցած բնակչությանն ու թեկնածուներին։
«Սա լավագույն արդյունքն է վերջին չորս տարվա ընթացքում՝ բնակչության ավելի մեծ աջակցությամբ և ավելի մեծ թվով ձայներով», - ընդգծել է նա: