Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Վեց անօդաչու թռչող սարք է ընկել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի նավթավերամշակման գործարանի տարածքում, ևս երկու պայթյուն է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի գերեզմանատան մոտ և ֆերմաներից մեկում, հայտնում է շրջանի ղեկավար Ռոման Սինյագովսկին «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը վեց անօդաչու թռչող սարք է ընկել Կուբանի Սլավյանսկում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում: Երկու պայթյուն է որոտացել նաև հին գերեզմանատան տարածքում, ևս մեկը՝ Սլավյանսկի շրջանի Տրուդոբելիկովսկի գյուղում:
Նրա խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և ավերածություններ չկան։ Անօդաչու թռչող սարքերի հարվածի վայրում աշխատում են հատուկ ծառայություններ։
«Славянск ЭКО» ընկերությունների խմբի անվտանգության տնօրեն Էդուարդ Տրուդնևն էլ հայտնել է, որ Կրասնոդարի երկրամասում գտնվող Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։