Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոլդովայի ընդդիմությունը նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ռազմավարություն է մշակում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի անդամ Վասիլի Բոլյան։
2023-ի դեկտեմբերին Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն ասել էր, որ մի քանի ընդդիմադիր ուժեր բանակցում են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու շուրջ: Նրա խոսքերը հաստատել են մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ։
«Մոլդովայի միացյալ ընդդիմությունը վերջնական տեսքի է բերում նախագահական ընտրություններին մասնակցելու իր ռազմավարությունը, անհրաժեշտ է բացառել կամ համարժեք պատասխան ունենալ ընտրություններից համընդհանուր թեկնածուի հեռացման ռիսկի վերաբերյալ», - գրել է Բոլյան «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ ընդդիմությանն անհրաժեշտ է թեկնածու, որին ողջ ժողովուրդը պատրաստ կլինի նախագահ ընտրել հենց առաջին փուլից։
Մոլդովայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 20-ին։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 2023-ի դեկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար: Նա խորհրդարանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Սանդուի առաջարկով նախագահական ընտրություններն ու հանրաքվեն պետք է անցկացվեն նույն օրը։ Այդ նպատակով պատգամավորները համապատասխան փոփոխություններ են կատարել ընտրական օրենսդրության մեջ։ Ավելի վաղ պատգամավորները հաստատել էին նաև հանրաքվեի ամսաթիվը, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։