Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ
168.am-ը Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանից փորձել է պարզել նրա վերաբերմունքը Տավուշի մարզում, մասնավորապես՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում իշխանության սկսած սահմանազատման գործընթացի առնչությամբ։
Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, մասնավորապես՝ Ոսկեպարում գործընթացն ավարտվել է, այս պահին սահմանազատման աշխատանքները կատարվում են Կիրանցում։
«Ոսկեպարի հատվածում այդ աշխատանքները վաղուց ավարտել են, իսկ Կիրանցն Իջևան համայնքի կազմում է։
Այս ամբողջ գործընթացի վերաբերյալ մենք հայտարարություն ենք տարածել, հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և մենք չենք մասնակցում նման գործընթացի։ Այն, ինչը կատարվել է մեր տարածքում, հեռախոսային զրույց չէ, որ ասեմ, երբ այստեղ գաք, հավատացեք, ամեն ինչ մանրամասն կխոսենք»,- շեշտել է Արսեն Աղաբաբյանը։
Ապրիլի 23-ին Նոյեմբերյանի համայնքապետարանը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։