Նախ ես Վեհափառի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին
Իմ` վարչապետի թեկնածու լինելու որոշում, որպես այդպիսին, չկա: Այս մասին քաղաքական ուժերի հետ կայացած հանդիպման ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը:
«Նրանք ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրած գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին, համագործակցության մեծ դաշտ գոյացնելուն: Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ, հասկանալու համար, ի վերջո, մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞ այլ ճանապարհով:
Ժողովուրդը պետք է ընդունի, հաստատի և վավերացնի, ես սեփական ջանքերով առաջադրվելու նպատակ ու մղում չունեմ: Մեր ամբողջ քաղաքական դաշտի գործողները իրենց մտքերը հայտնել են այդ կապակցությամբ, իրենց կարող եք հարցնել, թե ինչի մասին են խոսել, ինձ բաժին չի ընկնում նման խոսակցություն»,- նշեց սրբազանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե քաղաքական ուժերը իրեն են տեսնում վարչապետի թեկնածու: