Ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակցությունը կորցրած լրագրողը տուժող է ճանաչվել. փաստաբան
24News-ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5 իրավապաշտպաների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար:
«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելեցինք քննչական, ճանաչվեցինք տուժող՝ մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։
Հ․Գ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն, մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)», - գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայող, ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։