Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 17-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է «Sinotruk» մակնիշի բեռնատարին. ճանապարհը երկկողմանի փակվել է:
Նշվում է, որ փրկարարները մոտ 100 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը, որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: