Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող գերիների խնդրի վրա
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։ Նա այդ լուրով կիսվել է «Ինսթագրամ»-ի իր էջում։
Հենրիխ Մխիթարյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին միացել էր իր հայրենակիցներին՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը և այլ գերեվարված անձանց։
Ադրբեջանը ևս հինգ ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, երրորդ նախագահ Բակո Սահակյանի, չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը, որոնք ներկայումս անօրինական կերպով պահվում են Բաքվում։