Հայաստանը ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի Պապ
Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի Կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնելու և խորացնելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա երկիր, ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ և կարևորել երկու քրիստոնյա երկրների միջև հարաբերությունների խորացումը:
Ֆրանցիսկոս Պապը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաքելության մեջ: