Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից
Այսօր՝ մայիսի 17-ին, Կիրանցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փակ հանդիպում է ունեցել բնակիչների հետ և հայտարարել, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կասեցնել հնարավոր չէ: Նա առաջարկել է գյուղացիներին՝ տալ իրենց համաձայնությունը՝ նոր ճանապարհի կառուցման համար:
Այս պահին Կիրանցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին փոխանցել է, թե ինչ է բնակիչների հետ խոսել մարզպետը։
«Եկել են գումար են առաջարկել, կիրանցիներն էլ լավ չեն արտահայտվել, բացասական պատասխան են տվել։ Ծածուկ աշխատանքներ են տանում, ասել են՝ փոխհատուցում կտանք, ինչ է պետք՝ գումարի չափ ասեք և այլն։ Մարդկանց գյուղը կես են արել, դպրոցի մոտից կիսվում է գյուղը»,- ասաց Դանիելյանը։
Բնակիչները դժգոհ են հանդիպումից։ Նրանցից մեկը նշեց․ «Եկել էր հերթական անգամ համոզեր, փոխհատուցում առաջարկեր։ Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց»։
Մեկ այլ բնակիչ՝ Կարեն Ղազարյանը, հայտնեց, որ հանդիպմանը գյուղից ներկա էին 10-12 տղամարդ, մյուս գյուղացիները ժամանակավորապես բացել էին ճանապարհը, որպեսզի գոնե հանդիպման ավարտին կարողանան խոսել Հայկ Ղալումյանի հետ, սակայն մարզպետը հանդիպման ավարտից հետո՝ առանց հանդիպմանը ներկա չգտնված գյուղացիների հարցերին պատասխանելու, հեռացել է: Այդ իսկ պատճառով, գյուղացիները պատրաստվում են դեռևս փակ պահել ճանապարհը։
«Մարզպետը հանդիպման ժամանակ ասել ա, էսօր էլ համաձայնությունը տաք, տրակտորները կբերենք գյուղ, կսկսենք նոր ճանապարհը կառուցել։ Ասել է ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժողովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի»,- նշեց Ղազարյանը։