«Սուտ եք խոսում». Պապոյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու է կինը հավաքի մասնակիցներին անվանել «անասուն»
Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել, այդ գրառման մեջ նման բան գրված չի:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների իր կինը գրառման մեջ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է «անասուն»:
Նախարարը պահանջեց ցույց տալ գրառումը: Լրագրողը գտավ գրառումը և կարդաց այն․
«Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:
Գևորգ Պապոյանն արձագանքեց.
«Դա ի՞նչ է նշանակում: Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»: