Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ դատախազության՝ պարզաբանումը
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին։
Նման կերպ է պատասխանել դատախազությունը Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Մայիսի 3-ին խորհրդարանում դատախազության գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին պատասխանելիս Աննա Վարդապետյանը հայտարարել էր․
«Այո, ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյանների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, սա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը։ Դրա համար մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք շատ ուշադիր»։
Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
«Առաջին հարցի կապակցությամբ հավելենք, որ այն չի առնչվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին (ՏԱ մասին օրենքի համաձայն, տեղեկություն է համարվում տեղեկություն տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը)»,- ասված էր Դատախազության պատասխանում։
Նաև խնդրել էինք տեղեկացնել, արդյոք մարդու վրա թքելը որևէ հանցակազմ չի պարունակում, թե խուլիգանության հատկանիշներով հանցակազմ չկա, քանի որ նույն օրը՝ մայիսի 3-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս՝ Աննա Վարդապետյանը նշել էր, թե մարդու վրա թքելը խուլիգանություն չէ և հանցակազմ չկա։
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին»,- ասված է հարցման պատասխանում։