Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Մոլդովայի խորհրդարանի անդամները պաշտոնապես սահմանել են Մոլդովայում նախագահական ընտրությունների ամսաթիվը, որը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նախագահական ընտրությունների օրը հաստատելու մասին նախագիծը օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության պատգամավոր Վերոնիկա Ռոսկան՝ առաջարկելով ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 20-ին՝ Եվրոպական միության անդամակցության հանրաքվեի օրը։
«Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, շնորհակալություն գործընկերներ»,- քվեարկության արդյունքներից հետո նշել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դեկտեմբերի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար, բացի այդ, նա խորհրդարանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ: Սանդուի առաջարկով նախագահական ընտրություններն ու հանրաքվեն պետք է անցկացվեն նույն օրը։ Այդ նպատակով պատգամավորները համապատասխան փոփոխություններ են կատարել ընտրական օրենսդրության մեջ։ Ավելի վաղ պատգամավորները հաստատել էին նաև հանրաքվեի ամսաթիվը, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 20-ին։