Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Սլովակիայի և Հունգարիայի ղեկավարներն արգելափակել են ԵՄ-ի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում եվրոպական կանաչների կուսակցության խորհրդարանական խորհրդական Թամարա Գագուլաշվիլին:
«Այո, դա հաստատվել է բավականին վստահելի աղբյուրներից, որ ԵՄ-ի Խորհրդի գրավոր հայտարարությունն արգելափակվել է այդ երկու երկրների ղեկավարների կողմից», - ասել է նա վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում։
Այդ առիթով հայտարարությունը մայիսի 15-ին արվել է Եվրահանձնաժողովի անունից, հավելել է Գագուլաշվիլին։
Վրաստանում գրեթե մեկ ամիս բողոքի ցույցեր են ընթանում երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։ Երկրի քաղաքական ընդդիմությունն այդ օրենքը համարում է ռուսամետ։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն հանդես են եկել օրենքի խիստ քննադատությամբ և կոչ են արել երկրի իշխանություններին հրաժարվել դրա ընդունումից։ Արևմտյան առաջնորդները նախազգուշացնում են, որ այն կարող է փակել Վրաստանի ուղին դեպի ԵՄ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա։