ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
2024 թվականի մայիսի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին։
Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։
Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է, որ 2023-2026 թվականներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությամբ իրականացվող «Գործողությունների ծրագրի» շրջանակներում սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ծրագրերի մանրամասները քննարկել աշխատակազմերի ձևաչափով։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ու Եվրոպայի խորհուրդն արդարադատության ոլորտում վստահելի գործընկերներ են։