Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվելու: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ երկրի վարչապետը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով: Նաև պլանավորված են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունները ԶԼՄ-ների համար։
Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։
Երկրներն ակտիվորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային նախագծերի շրջանակներում, մասնավորապես, ողջ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավային գազային միջանցքը:
Բացի այդ, Վրաստանն ու Թուրքիան «Միջին միջանցք» միջազգային նախագծի մասնակիցներ են: Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շրջանում։ Հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 721,7 մլն դոլար, ինչը Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 15,4 %-ն է։