Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Խաղաղ օվկիանոսում ֆրանսիական անդրծովյան տարածք) տիրող իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են կղզու անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Դարմանենը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սա երևակայություն չէ, սա իրականություն է։ Ցավում եմ, որ Նոր Կալեդոնիայի ղեկավարների մի մասը գործարք է կնքել այս բռնապետության հետ», - պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք խոսք է գնում Նոր Կալեդոնիայի ճգնաժամին Բաքվի միջամտության մասին։
Դարմանենը նշել է, որ չնայած միջամտելու փորձերին, Ֆրանսիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը կղզում։
Հիշեցնենք՝ Նոր Կալեդոնիայում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են խռովությունները, որոնք 4 մարդու կյանք են խլել։ Ֆրանսիան կղզում արտակարգ դրություն է հայտարարել՝ լրացուցիչ լիազորություններ տալով իշխանություններին՝ արգելելու հավաքները և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը կղզում։ Փարիզը նաև զորքեր է մտցրել Նոր Կալեդոնիա՝ նավահանգիստների և օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։
Խռովությունների առիթ է դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։