Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Tert.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ապրիլի 22-ից հացադուլ իրականացնող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հյուպատոսական պաշտպանության ենթակա չէ։
«Պարոն Լեո Նիկոլյանը հայտարարում է, որ իր մուտքը ՀՀ տարածք արգելվել է։ Վերջինս կալանավորված չէ և կարող է ազատ վերադառնալ Ֆրանսիա։ Հետևաբար, նա ենթակա չէ հյուպատոսական պաշտպանության, որը տրամադրվում է արտերկրում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացիներին: Երևանի օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն նա»,- փոխանցեցին դեսպանատնից։
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Լեո Նիկոլյանը հայտնել էր, որ տեղեկություն ունի, որ Ֆրանսիայի դեսպանը արգելել է հյուպատոսին այցելել իրեն, ինչպես լրագրողն է նշում, աղմուկ չբարձրանալու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։